ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Անգամ ամենից ֆանտաստիկ գեղարվեստական ենթադրության հիմքում փաստագրությունն է»

«Անգամ ամենից ֆանտաստիկ գեղարվեստական ենթադրության հիմքում փաստագրությունն է»
23.02.2016 | 10:09

Ռազմական փորձագետ, գրող ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆԻ «Աբու Բաքր ալ-Բաղդադին` Շամի խալիֆը» վեպը շարունակություն է ունենալու: Այս մասին «Իրատեսին» տեղեկացրեց Սուրեն Սարումյանը: Արցախցի գրողի՝ 2015-ի դեկտեմբերին լույս տեսած գիրքը մեծ արձագանք է գտել գրական շրջանակներում, գրավել ընթերցողի ուշադրությունը:

-Գրաքննադատները «Աբու Բաքր ալ-Բաղդադին` Շամի խալիֆը» վեպը որակեցին գրական նորույթ հայ ժամանակակից գրականության մեջ: Համաշխարհային գրական շուկայում կա՞ն նմանօրինակ վեպեր:
-Ճիշտն ասած, վիճակագրական տվյալներ չունեմ նման վեպերի քանակի մասին՝ հարցին պատասխանելու համար: Սակայն չեմ կարծում, թե հնարավոր է գրել գիրք, որը լիովին նորույթ լինի ժանրի ու ոճի առումով: Ինչպես ասում է ՈՒմբերտո Էկոն՝ բոլոր գրքերը պատմում են ուրիշ գրքերի մասին: Այնպես որ, համաշխարհային գրական շուկայում նման վեպեր, անշուշտ, կան, անգամ եթե Հայաստանում դրանց քիչ են ծանոթ:
-Վեպը, հավանաբար, կհետաքրքրի քաղաքագետներին, միջազգային հարցերի վերլուծաբաններին, ուսանողներին: Ինչո՞վ է այն գրավելու գեղարվեստասեր հանրությանը: Մեր ժամանակի պատմությունը, առհասարակ, հետաքրքրո՞ւմ է ընթերցողին:
-Եթե իմ վեպն ամբողջովին զուրկ չէ արժանիքից, այն ընթերցողին կգրավի գեղարվեստի և իրականության համադրմամբ: Մեր ժամանակների պատմությունը այսօր ընթերցողի համար թերևս ամենից հետաքրքրական թեման է: 21-րդ դարում երկրագունդը, եթե կարելի է այսպես ասել, շարունակել է փոքրանալ: Առավոտյան Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը երեկոյան բոլորիս հեռուստաէկրաններին է, կեսօրին Իրաքում աշխարհին հեռուստաուղերձ հղող ահաբեկիչը մի քանի ժամից իր սպառնալիքները կարող է իրականացնել Փարիզում կամ Լոնդոնում: Աշխարհաքաղաքականությունը դադարել է լինելուց ընտրախավի մենաշնորհը: Նավթի գների անկումը անդրադառնում է Լիճք գյուղից արտագնա աշխատանքի մեկնած մարդու ընտանեկան բյուջեի վրա: Կարծում եմ՝ միայն այս մի քանի փաստերը բավական են՝ հասկանալու, թե մեր ժամանակների պատմությունը որքան հետաքրքիր կարող է լինել ընթերցողի համար:
-Ինչպես նշում եք վեպում, ԻՊ-ն իր նպատակն է համարում Իսլամական խալիֆայության վերստեղծումը, նվազագույնը` Իրաքի և Սիրիայի սահմաններում, առավելագույնը` բոլոր իսլամական պետությունների և ամբողջ աշխարհի մասշտաբով: Ի՞նչ է անում աշխարհը կանխարգելելու համար ԻՊ խմբավորման առաջխաղացումը: Աշխարհաքաղաքական այս գործընթացներում ի՞նչ դերակատարում ունեն գերտերությունները:
-Աշխարհն ազդարարում է ԻՊ-ի դեմ պայքարելու իր հաստատակամությունը, ԻՊ ահաբեկիչներին դատապարտում է նույնիսկ Թուրքիան՝ այդ կառույցի հիմնական ստվերային գործընկերներից մեկը: Անհրաժեշտ է հասկանալ, որ քաղաքական հայտարարությունների ու քարոզչության կերտած իրականությունը տարբերվում է տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերի իրականությունից: Իմ խորին համոզմամբ՝ ԻՊ ռազմական պարտությունը ոչ այնքան հեռու ապագայի հարց է, սակայն միայն դա բավական չէ ահաբեկչության ծավալումը կասեցնելու համար: Անհրաժեշտ է նախ և առաջ վերացնել ահաբեկչության սոցիալական հենքը, իսկ դա անհնար է, քանի դեռ Մերձավոր Արևելքի բազմաթիվ ժողովուրդներ իրենց համարում են իրավազուրկ և հարստահարված: Դժգոհության ներուժը ստեղծում է այն օգտագործելու գայթակղություն: Այդ հնարավորությունից չեն վարանում օգտվել տարածաշրջանում սեփական քաղաքականություն իրականացնող կամ նման հավակնություններ ունեցող բոլոր ուժերը:
-Խոսելով Շառլ Էբդոյի ահաբեկչության մասին՝ ակնարկում եք. «Սերբերի գլխին թափվող ռումբերը դեռ կարելի է հանդուրժել, բայց եվրոպայի սրտում` Փարիզում, կատարվածը հանրային լուրջ վրդովմունք էր առաջացնելու»: Եվ մեկ այլ ակնարկ` «մի բան, որ վնասելու էր նախագահ Օլանդի քաղաքական ապագան…»: Մարդկային կյանքը շահերի բախման կիզակետում է ամենուր: Կան նաև թանկ ու էժան կյանքեր: Փարիզում իրար հաջորդող ահաբեկչությունները հակասական հույզեր առաջացրին հանրության շրջանում: Ինչպե՞ս եք վերաբերվում խնդրին` որպես ռազմական փորձագետ, որպես գրող, քաղաքացի: Եվ ի՞նչ եք կարծում` վերջին իրադարձությունները` Եվրոպայի անդորրի խաթարումը, ի՞նչ ռազմաքաղաքական փոփոխություններ են «խոստանում»:
-Ահաբեկչությունը միանշանակ դատապարտելի է բարոյական տեսանկյունից, սակայն, որքան էլ ցավալի լինի, այն հաճախ արդյունավետ միջոց է ռազմաքաղաքական հաշվարկները իրականություն դարձնելու համար: Քանի կա այդ հնարավորությունը, լինելու են ուժեր, որոնք կանգ չեն առնելու անմեղ մարդկանց ոչնչացնելու ճանապարհին: Իսլամական պետության գործունեությունը կազմաքանդել է Եվրոպան: Եվրոպայի նվաճումը տեղի է ունենում մեր աչքի առջև, ու զավթիչների բանակները անզեն են, այդ պատճառով էլ ՝ դեռևս անհաղթելի:
Այսօր Եվրոպան զբաղված է փախստականներով՝ մոռանալով ուժի մյուս կենտրոնի հետ տնտեսական ու քաղաքական մրցակցության հնարավորության մասին: Մյուս կողմից, այլ քաղաքակրթություն, այլ արժեհամակարգ ու կենցաղի կազմակերպման այլ մոդել առաջարկող փախստականների հոսքը անխուսափելիորեն հանգեցնում է ազգայնական տրամադրությունների աճին: Նման դեպքերում պարզապես պետք է հիշել իր ստեղծողի դեմ ապստամբած Ֆրանկենշտեյնի առասպելը, ու ակնհայտ կդառնա, թո որքան անկանխատեսելի կարող է լինել ապագան:
-Գրքում նշում եք, որ ԻՊ-ի առաջնորդը նման էր սովորական, ոչնչով աչքի չընկնող մոլլայի, խոսում էր քաղցրահունչ ու երգեցիկ ձայնով: «Խալիֆի խոսքը մեղմորեն ծփում էր ծովի ալիքների պես, լեռներում հնչած արձագանքի պես` զրնգում մարդկանց սրտերում: Բայց խալիֆը սարսափելի բաներ էր խոսում»: Սա զուտ գրողակա՞ն հնարք է, թե՞ հանգամանորեն ուսումնասիրել եք Աբու Բաքր ալ-Բաղդադիի կերպարը:
-Բնականաբար, ինքնակոչ խալիֆի կերպարն ուսումնասիրել եմ, իսկ այդ դրվագին, կարելի է ասել ներկա եմ եղել անձամբ, որովհետև դիտել եմ քարոզի տեսագրությունը: Համացանցը ժամանակակից գրողի «թռչող գորգն» է, որը հնարավորություն է տալիս, սեփական բազկաթոռին նստած, ճամփորդել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԻՊ-ի վերահսկած տարածքներում:
-Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլի վերջին գիշերը բնութագրելիս (նրան գլխատեցին ԻՊ-ի գրոհայինները)՝ գրում եք. «Կեսգիշերից քիչ անց ձևափոխվել էր անգամ ժամանակը»: Մեծ հաշվով, աշխարհում նույնպես ձևափոխվել է ժամանակը, եթե հաշվի առնենք չդադարող, անժամանակ, անտեղի մահերն ու բռնությունները: Ձեր նկարագրության մեջ ուշագրավ է փաստի ու գեղարվեստի համադրումը: Կարելի՞ է ասել, որ վեպի գեղարվեստական կողմն է գրավում ընթերցողին, որովհետև այն, ինչ կատարվում է աշխարհում, բաց է բոլորի համար: Եվ առհասարակ, Դուք ռազմական փորձագետ եք, ինչպե՞ս եք համատեղում փաստն ու գեղարվեստը: Գրողն ու ռազմական փորձագետը չե՞ն խանգարում մեկը մյուսին:
-Գեղարվեստի ու փաստի համադրումը ջանք, առավել ևս հակասականություն չի ենթադրում: Գեղարվեստը փաստի արտացոլման մեկ այլ ճանապարհ է, անգամ ամենից ֆանտաստիկ գեղարվեստական ենթադրության հիմքում փաստագրությունն է, որովհետև այն արվում է գրողի՝ մարդու կողմից, ում բանականությունը ենթարկվում է նույն նյարդաբնախոսական օրինաչափություններին, ում կառուցած աշխարհի մոդելը տեղավորվում է մարդու ընկալմանը հասու ֆիզիկական օրենքների սահմաններում:
-Ըստ ԻՊ-ի առաջնորդի` «մուսուլմանի համար ահաբեկչությունը իսլամին համահունչ ապրելու իրավունքն է»: Քրիստոնյան էլ իր օրենքներին համահունչ է ապրում: Այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում, բնականոն շարունակությո՞ւնն է աշխարհաքաղաքական իրադարձությունների, մարդկության պատմության: Ի վերջո, անպատերազմ կյանք երբեք չի եղել մոլորակի վրա:
-Չեմ կարծում, թե ԻՊ-ի ղեկավարությունը կամ գոնե նրա մի ստվար մասը հավատում է իր կրոնամոլական-ջիհադական կարգախոսներին: ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարների շարքում կան Սադամ Հուսեյնի բանակի բազմաթիվ սպաներ, ովքեր ստացել են աշխարհիկ դաստիարակություն: ԻՊ-ն իրապաշտական քաղաքական շահեր ունեցող ուժի լավ հաշվարկված նախագիծ է, որն իրագործում են մոլեռանդները: Մոլեռանդների պակաս չկա ցանկացած հասարակության մեջ, ընդ որում, իմ խորին համոզմամբ, նրանց համար էական չէ նույնիսկ գաղափարախոսությունը: Կարծում եմ, որ խորհրդային կարգերի հաստատման տարիներին եկեղեցիներ պայթեցնող բոլշևիկները մի քանի տասնյակ տարի առաջ նույն խանդավառությամբ կմասնակցեին հրեաների ջարդերին՝ Տիրոջը խաչելու մեղադրանքով: Ահաբեկչության իսլամական դեմքը ոչ այնքան կրոնի խնդիր է ինքնին, որքան մեկնաբանության:
-Վեպում կան փաստեր ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերի մասին ու կոնկրետ անուններ` ՊԲ գեներալ-մայոր Միքայել Արզումանյան, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան և այլք: Ինչ-որ տեղ այն վավերագրություն է և կարևոր նշանակություն կունենա եկող սերունդների համար: Բայց ռազմաքաղաքական թեման միշտ զգուշությամբ են բարձրաձայնում: Խոչընդոտներ չե՞ն եղել վեպը տպագրելիս: Գրաքննության մասին չէ խոսքը, այլ ազգային անվտանգության:
-Վեպում նշված բոլոր զինվորականները հանրային դեմքեր են, և նրանց անունները քաջ հայտնի են բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակով: Ռազմական գաղտնիքի բացահայտման մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, որովհետև ՀՀ և ԼՂՀ պարագայում ազգային անվտանգությունը բացարձակ արժեք է, իսկ նրան հասցված վնասը չի կարող արդարացվել գրական անհրաժեշտությամբ:
-«Հայերը քաջ են կռվում, որովհետև պաշտպանում են իրենց հողը: Թուրքը բնությամբ դաժան է ու վախկոտ»: Գուցե և խալիֆը նման մտորում ունեցել է, գուցե զուտ հեղինակի մտորումներն են: Այնուհանդերձ, եթե թարգմանվեր ու դրսի ընթերցողին հասներ գիրքը, ինչ-որ բան կասե՞ր հայ-ադրբեջանական հակամարտության, Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման մասին:
-Բնականաբար: Հետևություններ անելու հնարավորությունը վերապահված է ընթերցողին, սակայն համոզված եմ, որ ընթերցողը ճիշտ պատկերացում է կազմելու: Ի վերջո, բարոյական տեսանկյունից գեղարվեստի ամենաազնիվ տեսակը հեքիաթն է, որտեղ բարին ու չարը նրբերանգներ չունեն, ընթերցողը թերևս յուրաքանչյուր գործում որոնում է իր նոր հեքիաթը, հավերժական հարցերի պատասխանները: Համոզված եմ, որ իմ գրքում բարին ու չարը ճիշտ տեղերում են:
-ԱՄՆ-ի նախագահի սենյակում տեղի ունեցող խորհրդակցությունը ոչ միայն քաղաքական խնդիրներ է վեր հանում, այլև յուրօրինակ ծանոթություն է ԱՄՆ-ի նախագահի հետ: Հետաքրքիր է, եթե Օբաման ծանոթանար իր կերպարին, համամիտ կլինե՞ր:
-Դժվար թե: Գեղարվեստական կերպարը միշտ ավելին է իր բնօրինակից, որովհետև կերպարի հիմնական բնութագրիչներից մեկը հավաքականությունն է՝ հատկանիշները խտացնելու հնարավորությունը, իսկ դա միշտ չէ, որ դուր է գալիս բնօրինակի դերը կատարող իրական մարդուն:
-Վեպն ավարտվում է Ալ Բաղդադիի հետևյալ խոսքով. «Մեր առջև ընկնելու է Հռոմը»: Ակնհայտ է, որ վեպը շարունակություն է ունենալու, ինչպես շարունակվում են ԻՊ-ի հետ կապված իրադարձությունները: Մյուս կողմից, գուցե զգուշացո՞ւմ է, սթափ հայա՞ցք, կանխատեսո՞ւմ: Որտե՞ղ է լույսը, ռազմական փորձագետի հայացքը` աշխարհը ԻՊ-ի ճիրաններից փրկելու:
-Աշխարհին տիրանալու ջիհադականների ցանկության մասին գրելը նախազգուշացում համարել չի կարելի, որովհետև իրենց մտադրությունը նրանք բնավ չեն թաքցնում: Իսկ աշխարհը ԻՊ-ի ճիրաններից անպայման կփրկվի, որովհետև այդ կառույցի գաղափարախոսությանն ու մեթոդներին ընդդիմանում է ինքը՝ կյանքը: Գոյաբանական առումով չարիքը դատապարտված է անխուսափելի կործանման:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ